Գյումրիի ռուսական բազան կարող է հարձակման ենթարկվել

Ում է պաշտպանում Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում

Նախկինում Ռուսաստանը, ահռելի նյութական ու ֆինանսական միջոցներ ծախսելով, որոշակի հնարավորություններ ուներ Մերձավոր Արեւելքում եւ իրեն երեւակայում էր ԱՄՆ-ի մրցակից: Իրականում, 1977 թ. Եգիպտոսի հետ հարաբերությունների տապալումից ու 1979 թ. Իրանում իսլամական հեղափոխությունից հետո ռուսական ազդեցությունը տարածաշրջանում դառնում էր պատրանք:
Անցած ու վաղուց մոռացված տարիներին Ռուսաստանն իրենից հետո թողել է հիշողություն, որն այնքան էլ հարիր չէ մեծ պետությանը: Մասնավորապես, Ռուսաստանը երբեք ուշադրություն չի դարձրել քրիստոնյա տարբեր համայնքների շահերին, այդ թվում ուղղափառ, չխոսելով արդեն կաթոլիկների, ունիաթների, նեստորականների, ալավիների մասին: Խաղադրույքն արվում էր մուսուլման համայնքների վրա, ինչը խորը նստվածք է թողել Ռուսաստանի հանդեպ քրիստոնյաների ընկալումների վրա:
Պետք է ասել, որ Արեւմուտքի մի շարք պետություններ տարածաշրջանի քրիստոնյաներին բազմիցս առաջարկել են օգնություն ու աջակցություն, ներառյալ ԱՄՆ ռազմածովային բազայի ստեղծումը լիբանանյան ափին, Բիբլոսի շրջանում: Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները միշտ զգուշացել են նման բացահայտ աջակցությունից, քանի որ կար Արեւմուտքի կողմից իրենց ճակատագրի քմահաճույքին թողնելու նախադեպը, իսկ Ռուսաստանը վարում էր պրո-իսլամական քաղաքականություն:
90-ական եւ 2000-ական թվականներին, երբ արտաքին քաղաքականությունը պահանջում էր առավել ճկունություն ու նոր ընկալումներ այդքան կարեւոր տարածաշրջանում, Ռուսաստանի ԱԳՆ-ն շարունակում էր տարածաշրջանում իր դեսպանատներին ցուցումներ տալ առ այն, որ ոչ մի դեպքում չանդրադառնան քրիստոնյաների խնդիրներին եւ շարունակեն խաղադրույք անել իսլամական պսեւդո-ձախ կազմակերպությունների վրա:
Ի վերջո, 2000-ականների կեսերին ուղիղ սպառնալիքներ ստացվեցին պաղեստինյան եւ այլ կազմակերպություններից, որոնց ռուսները համարում էին բարեկամ: Այն ժամանակ ռուսները մեղադրեցին, որ պաղեստինցիներին գնել են, դրանով էլ ավարտվեցին Ռուսաստանի հարաբերությունները պաղեստինյան խմբերի հետ, որոնք շարունակեցին պայքարն Իսրայելի դեմ:
Հետո առաջացավ «պրիմակովշչինան», որը ենթադրում էր «դուալիստական» քաղաքականություն, այսինքն՝ խաղադրույք արաբների ու Իսրայելի վրա: Արդյունքում Ռուսաստանն արագորեն վերածվեց Իսրայելի գործընկերոջ, իսկ արաբական պետությունները համարեցին, որ Ռուսաստանը դադարել է լինել իրենց գործընկերը եւ վարում է եվրոպական պետության համար սովորական քաղաքականություն:
Ռուսաստանը երկու անգամ փորձեց ինքզինքը ներկայացնել սադդամյան Իրաքի պաշտպան, սակայն երկու անգամ էլ հանձնեց նրան, արդյունքում կորցնելով տարածաշրջանը եւ հարաբերություններ պահելով միայն Սիրիայի հետ, որը ցանկացած պահի կարող էր ընդունել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պայմաններն ու առաջարկները:
Թուրքիայի հանդեպ ռուսները վարում են այնպիսի խաղ, որ ավելի ու ավելի է կորցնում սուբյեկտությունը, այսինքն՝ Ռուսաստանը դառնում է օբյեկտ Թուրքիայի շահերի համար: Իրանը մեծագույն վիրավորանքներ է ստացել Ռուսաստանից: Ներկայում Իրանն այլընտրանքային հնարավորություններ է ստացել, կարգավորելով հարաբերությունները ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջատար պետությունների հետ:
Ներկայում Ռուսաստանը մտել է արկածախնդրության մեջ, եւ առանց բացառության բոլոր կողմերը նրան մղում են տարածաշրջանային մեծ պատերազմ հրահրելուն, որը նրան կհասցնի սնանկացման: Ժամանակակից աշխարհում «դեսանտներով» հարցեր չեն լուծում, առջեւում պատերազմի մյուս փուլն է:
Ընդ որում, Ռուսաստանը փորձում է այդ պատերազմին ներքաշել իր «շան արկղը»՝ ՀԱՊԿ-ը: Մեջտեղ են բերվել Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, որոնք անհավանական հիմարություն են արել՝ պատերազմը հռչակել են սրբազան, որը բնականաբար առաջացրել է Սիրիայի ուղղափառ կոնգրեգացիաների վրդովմունքը:
Ռուս ուղղափառ եկեղեցին վերածվել է շովինիստական, մեծապետական կոմերցիոն կազմակերպության, գործելով Մոսկվայի պրոֆան կլանային էլիտայի ցուցումով: Սպասել են 50 տարի ու հիշել քրիստոնյաների մասին: Դա ռուսական իշխող էլիտայի ինտելեկտուալ ու քաղաքական խոր ճգնաժամի նշաններից մեկն է: Ամեն ինչ նման է Ղրիմի պատերազմի սցենարին, սակայն երերեւում է չկան ադմիրալ Նախիմով եւ Կոշկա նավաստի:
Այնուամենայնիվ, ո՞ւմ է պաշտպանում Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում: Ռուսական ավիացիան փորձում է ռմբակոծել Բաշար Ասադի իշխող ռեժիմի բոլոր հակառակորդներին: Ամեն դեպքում, ռմբակոծում են սուննիներին, ինչը Ռուսաստանը կվերածի սուննի աշխարհի թշնամու:
ԱՄՆ-ն կարողանում է օգուտ քաղել նման բնույթի դիմակայությունից, իսկ Ռուսաստանի համար ամեն ինչ կավարտվի նրանով, որ նրան վերջնականապես դուրս կանեն Մերձավոր Արեւելքից: Ավելին, դա չի կարող չազդել բուն Ռուսաստանում մուսուլմանների տրամադրությունների վրա: Ասադի ռեժիմին էլ կհասնի, քանի որ ամեն դեպքում ռուսները կհանձնեն նրան, ինչպես միշտ:
Ռուսները փորձում են գործը հասցնել նրան, որ իրենց ներգրավեն ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիա: Բայց դա չի լինելու, ամերիկացիները դրա համար չեն մնում պատժամիջոցների կողմնակից, եւ ԱՄՆ հնարավոր բոլոր նավթային ու քաղաքական խմբերի շահերը չեն կարող ազդել նավթի գների վրա:
Իհարկե, ամերիկացիները որոշել են ավարտել ալավի ռեժիմի իշխանության ժամանակաշրջանը Սիրիայում, ինչը նպաստում է Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի շահերին: Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն ընդունակ է փրկել:
Ռուսաստանը լիովին անտարբեր է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների ու ալավի համայնքների ճակատագրին: Այն ամենը, ինչ տեղի է ունենում, դատարկ բան է, եւ այդ ողջ արկածախնդրության մեջ երեւում են ռուսների ավանակի ականջները: Ամերիկացիներն ու ֆրանսիացիները Իսլամական պետությանը ռմբակոծում են արդեն երկար ժամանակ, իսկ արդյունքներ այնքան էլ չեն երեւում, իսկ ինչ է, ռուսական ռումբերն ավելի ճշգրիտ ու հզո՞ր են:
Չի բացառվում, որ Ռուսաստանը կենթարկվի հրթիռակոծման եւ հարձակումների այլ միջոցներով, այդ թվում ռուսական ռազմական բազան Հայաստանում, որը տեղակայված է իրադարձություններին բավական մոտ: Սակայն հրթիռը սխալմամբ կարող է ընկնել ոչ թե Գյումրիի, այլ Երեւանի վրա: Ռուսաստանի գործողությունները չեն կարող չշոշափել Հարավային Կովկասը:
Իրանի հետ համախմբվելու փորձերը, որի մասին երազում է Ռուսաստանը, կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանը վերածվի Ռուսաստանի լիովին հնազանդ վասալի, որին «պատվիրակում» է իր արտաքին քաղաքական շահերը: Իրանում կան քաղաքական շրջանակներ, որոնք ուրախ են ԱՄՆ-ի հետ հարաբերության կարգավորման տապալումից եւ պատրաստ են «պաս տալ» Ռուսաստանին:
Դա նշանակում է, որ Հայաստանը կկորցնի հարավային ուղղությամբ զարգացման որեւէ հույս: Հայաստանը կդատապարտվի սնանկության եւ դեգրադացիայի արագացման:
Վրաստանին նույնպես սպասվում է հեռանկարի ու անվտանգության հույսերի բացակայություն: Ահա Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի գործունեության եւս մեկ արդյունք, բայց հիմա արդեն Հարավային Կովկասում:
Այդ պատճառով, եթե հայերի մեջ մնացել է պատվի պես մի բան, կամ էլ իրականության ողջախոհ իմաստավորում, նրանք Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի գործունեությունը չեն գնահատի՝ ելնելով մտացածին «արդարությունից» կամ այնպիսի պատրանքից, ինչպիսին քրիստոնյաների պաշտպանությունն է:
Ռուսաստանը պետք է ոչ թե պարզապես պարտվի, այլ նրա քաղաքականությունը պետք է շռնդալից տապալվի: Ահա Հայաստանը որպես պետություն կամ էթնիկ օջախ պահպանելու հույսը:

© 2015 - 2016 All rights reserved. Users may download and print extracts of content from this website for their own personal and non-commercial use only. Republication or redistribution of Geopolitical Club content is expressly prohibited without the prior written consent. Address:
1© 2005 - 2015 Design and Development by Saratikyan.com Control
2© 2016 - Design and development by www.ConnectTo.com

Leave a Reply