Կառավարության պատմական որոշումը

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 25-ի նիստում կայացրել է Հայաստանի Հանրապետության համար պատմական որոշում՝ ստեղծվում է Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն-հիմնադրամ, որը, եթե փոքր-ինչ ընդհանրական ձևակերպենք, կարծես թե զբաղվելու է Հայաստանում առկա օրենքների «խմբագրմամբ», ավելորդությունների մշակմամբ, հղկմամբ, օպտիմալացմամբ և այլն: Մի խոսքով՝ ստեղծվում է մի ավելորդ կառույց, որի նպատակը լինելու է ցույց տալ, որ գործ է արվում:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, թե կառույցը ֆինանսավորելու են արտաքին գործընկերները: Մասնավորապես, այն ստեղծվում և երկու տարի ֆինանսավորվելու է ԱՄՆ ՄԶԳ օգնությամբ: Հետո կարող են ֆինանսավորել Քուվեյթի կառավարությունը կամ ԵԱՀԿ-ն: Այդպիսով Արփինե Հովհաննիսյանը փարատել է Հովիկ Աբրահամյանի այն անհանգստությունը, թե նոր կառույցը բեռ կդառնա բյուջեի վրա: Ու քանի որ չի դառնա՝ վերջ, բոլորը կարող են հանգիստ լինել, բյուջեից էլ կարող են հանգիստ շարունակել մի քանի հազար դոլարանոց անիվներ գնել վարչապետի ծառայողական մեքենայի համար:

Թվում է, որ հասարակությունը նոր կառույցի ստեղծումից ոչինչ չի կորցնում, քանի որ ֆինանսավորելու են արտաքին աղբյուրները: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է: Խնդիրը, սակայն, այն է, որ կատարվում է իմիտացիա՝ աշխատանքի իմիտացիա, և արտաքին աղբյուրները ֆինանսավորում են այդ իմիտացիան՝ ինչպես, օրինակ, հակակոռուպցիոն ռազմավարական խորհրդի դեպքում: Դա էլ ֆինանսավորում է ԱՄՆ ՄԶԳ-ն:

Իրականում այդ կառույցների գործունեությունից Հայաստանում որևէ շոշափելի փոփոխություն տեղի չի ունենում, և որևէ կոռուպցիոներ իրեն ավելի վատ չի զգում, քան մինչ այդ կառույցի ստեղծումը: Փոխարենը, այդօրինակ կառույցներով ստեղծվում է տպավորություն, թե Հայաստանում ինչ-որ բան է բարեփոխվում:

Միաժամանակ, Հայաստանի քաղաքացիների համար ակնհայտ է, որ ոչինչ էլ չի փոխվում, առավել ևս՝ բարեփոխվում: Հետևանքը լինում է այն, որ Հայաստանի քաղաքացիների համար սկսում են արժեզրկվել այն արտաքին գործընկերները, որոնք փաստորեն ստանձնում են այդ իմիտացիոն կառույցների ֆինանսավորումը: Քաղաքացիները որևէ կերպ չեն հասկանում, թե ինչու են այդ աղբյուրները ֆինանսավորում Հայաստանի իշխանության իմիտացիաները, հետևաբար կորցնում են վստահությունը նաև արտաքին գործընկերների նկատմամբ: Իսկ դա անհրաժեշտ է իշխող համակարգին: Ընդ որում, համակարգն այս դեպքում միայն Հայաստանի իշխանությունը չէ, այլ նաև դրա եվրասիական կամ ռուսական տանիքը:

Բանն այն է, որ Հայաստանի հասարակության համար շատ հստակ է, որ Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնող իշխող համակարգը իշխանության, քաղաքական ուժերի զգալի մեծամասնության և մետրոպոլիայի՝ ռուսական կայսերական հավակնությունների մի գործարք է, որի նպատակն է Հայաստանում թույլ չտալ այնպիսի արժեքների գերակայություն, ինչպիսիք են օրենքը, իրավունքը, ազատությունը, հավասարությունը: Որովհետև այդ գերակայությամբ Հայաստանը կլինի զգալիորեն ինքնիշխան պետություն, և ինքը կորոշի իր ճակատագիրը: Իսկ եթե Հայաստանն ինքը որոշի իր ճակատագիրը, ապա հայկական պետականությունը կդադարի լինել Ռուսաստանի շահերի կցորդն ու սպասարկուն, այլ կհետապնդի իր շահերը, որոնք տրամագծորեն հակառակ են ռուսականին:

Այդ գործարքը, սակայն, իր կողմերով հանդերձ՝ հայտնվել է ակնհայտ փակուղում: Եվ այստեղ անգամ այդ պայմաններում ապահով լինելու համար գործարքի կողմերի համար կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները ինչպես իրենց հանդեպ են լիովին անվստահությամբ և ապատիայով վարակված, այդպես էլ լիովին անվստահություն և ապատիա ունենան նաև արտաքին այն պետությունների և կազմակերպությունների հանդեպ, որոնք հանդես են գալիս Հայաստանում համակարգային բարեփոխումների դիրքերից և հայտնում իրենց աջակցությունը այդ խնդրի լուծման գործում ու ցուցաբերում այդ աջակցությունը և՛ խորհրդատվությունների, և՛ ֆինանսական օժանդակության, և՛ նյութատեխնիկական օժանդակության տեսքով:

Սակայն խնդիրն այն է, որ երբ այդ ամենը ստանում է աննպատակ և անիմաստ կառույցների տեսք, որոնց գործունեությունը հանրության համար բացարձակապես շոշափելի և չափելի չէ, ապա քաղաքացիները, հանրությունը սկսում են անվստահությամբ և անտարբերությամբ լցվել նաև այդ կառույցները ֆինանսավորող արտաքին կազմակերպությունների հանդեպ: Եվ անվստահությունն արդեն դառնում է տոտալ՝ այդպիսով ըստ էության հավասարեցնելով նրանց, ովքեր Հայաստանում արատավոր համակարգի պատճառը, գործիքն ու հովանավորն են, և նրանց, ովքեր իսկապես ցանկանում են օգնել Հայաստանի քաղաքացիներին այդ համակարգը վերափոխելու հարցում և նույնիսկ այդ գործում կատարում են ռեալ ներդրումներ:

Խնդիրը, սակայն, այն է, որ այդ ներդրումները պետք է ավելի շատ ունենան քաղաքացիական, ոչ թե կառավարական ուղղվածություն: Այստեղ է առանցքային հարցը, որում սկզբունքային փոփոխություն չլինելու պարագայում այդ ներդրումները՝ իրենց անկեղծ մղումներով հանդերձ, դառնում են ջուրը նետվածին հավասարազոր:

© 2015 - 2016 All rights reserved. Users may download and print extracts of content from this website for their own personal and non-commercial use only. Republication or redistribution of Geopolitical Club content is expressly prohibited without the prior written consent. Address:
1© 2005 - 2015 Design and Development by Saratikyan.com Control
2© 2016 - Design and development by www.ConnectTo.com

Leave a Reply